Մեր ծրագրերը

Համայնքային դիմակայունության ծրագրեր

Համայնքային ծրագրերը բաղկացած են երեք հիմնական բաղադրիչից՝ հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքներ, հոգեւորություն եւ ակտիվ պատմական մտածողության խթանում։ 

Համայնքային միջոցառումների նպատակն է բարձրացնել մարդկանց դիմակայունությունը՝ համայնքային ներդաշնակ կյանքը ու փոխաջակցության մթնոլորտը խաթարող արտաքին ու ներքին ազդեցությունների նկատմամբ։ Ուժեղ ու կազմակերպված համայնքը, որտեղ ապրում են ազգային ինքնության ու պատկանելության զգացումով ապրող մարդիկ, կդառնա ամբողջ երկրի փոխակերպման շարժիչը։

Համայնքային միջոցառումների առանձին ուղղություն է նաեւ առաջնային օղակի մասնագետների՝ ներառյալ բժիշկների, սոցաշխատողների, մանկավարժների վերապատրաստման ծրագիրը։


Արագ արձագանքման ծրագիր

Արագ արձագանքման ծրագրով հոգեւոր-հոգեբանական աջակցություն է տրամադրվում արցախցի մեր հայրենակիցներին: Ծրագիրը  բաղկացած է 4 բաղադրիչից։

Բաղադրիչ 1 - Արցախցի հոգեբանների վերապատրաստում 

Այս փուլի աշխատանքները սկսվել են հունվարի 22-ից: Ոլորտի լավագույն մասնագետները վերապատրաստել են 18 հոգեբանների: Մասնագետները վերապատրաստում են անցել 3 ուղղություններով՝ 

  • Մանկական հոգետերապիա 
  • Գեշտալտ հոգետերապիա
  • Արտթերապիա

Բաղադրիչ 2 - հոգեբանական աջակցություն չափահասներին 

Վերապատրաստման գործընթացին զուգահեռ՝ Արցախցի վերապատրաստվող հոգեբաններից 6-ը նախապատրաստվել են ու սկսել են մասնակցել ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված «Նաիրի» մայրիկների ճամբարի աշխատանքներին։ Ճամբարի մասնակիցները ցանկություն են հայտնել հոգեբանների հետ հանդիպման  ժամերը ավելացնել։ 

  • Ստեղծել ենք ճամբարի մայրիկներին հոգեբանական աջակցություն  տրամադրելու ուղեցույց։ 

Բաղադրիչ 3 - հոգեբանական աջակցություն Արցախից բռնի տեղահանված երեխաներին 

Մարտի 18-ին մեկօրյա վերապատրաստում ենք ունեցել 18 հոգեբանների հետ։ Միասին կազմել ենք ձեռնարկ,որով վերապատրաստված հոգեբանները պետք է աշխատեն Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ՝ հատկապես այն երեխաների, որոնք դուրս են մնացել աջակցության մյուս ծրագրերից։ Վերապատրաստման ընթացքում հոգեբաններին զինել ենք  արդյունավետ աշխատանքի համար նախատեսված բոլոր գործիքներով, Հիմնադրամը բոլորին տրամադրել է  գրենական պարագաների փաթեթներ, որպեսզի աշխատանքը ավելի գունեղ և դյուրին լինի։ Այս պահին մեր մասնագետները աշխատում են 160 երեխաների հետ:


Բաղադրիչ 4 - Բալինտյան խմբեր

Շարունակելով արցախցիների հոգեւոր-հոգեբանական աջակցման մեր մեծ ծրագիրը՝ Հիմնադրամը կազմակերպում է անվճար «բալինտյան խմբային» հանդիպումներ արցախցիների հետ աշխատած ու աշխատող աջակցող մասնագետների համար: «Բալինտյան խմբերին» կարող են մասնակցել բուժաշխատողները, մանկավարժները, հոգեբանները, սոցիալական աշխատողները, համայնքային ծառայողները եւ աջակցող մյուս մասնագետները:
Ծրագրի նպատակն է օգնել աջակցող մասնագետներին՝ կանխարգելել մասնագիտական հուզական այրումը կամ հաղթահարել արդեն իսկ առկա հուզական այրման դրսևորումները։